Տարոսը...

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազ Լուիս-Օկամպո Մորենոն երեկ դատավորներից խնդրել է Լիբիայի նախագահ Մուամմար Քադաֆիին` որպես մարդկության դեմ հանցագործության կատարած անձի ձերբակալելու թույլտվություն տալ:
Ձերբակալության թույլտվություն են խնդրել նաեւ Քադաֆիի որդու` Սայիֆ ալ Իսլամի եւ Լիբիայի հետախուզության պետ Աբդուլլահ ալ Սանուսիի համար: Նրանք երեքն էլ մեղադրվում են փետրվարի 15-ից սկսված խաղաղ ցույցերի մասնակիցներին գնդակահարելու, ապստամբած քաղաքների բնակելի թաղամասերը օդից ռմբակոծելու հրաման տալու մեջ: Նշենք, որ նշված հանցագործությունները, մասնավորապես խաղաղ բնակչությանը գնդակահարելու հրաման տալը չունեն վաղեմության ժամկետ: Այսինքն, քանի դեռ նման հրամաններ արձակած մարդիկ կենդանի են, նրանք վաղ թե ուշ ենթարկվելու են պատասխանատվության, եթե ոչ տվյալ երկրի, ապա միջազգային դատարանի կողմից:
Տարոսը... 2

Ժողովրդի ճնշման տակ հրաժարական տված Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը ուղերձով երեկ սեփական ժողովրդից ներողություն է խնդրել մարդկանց դեմ գործած բոլոր չարագործությունների համար եւ խնդրել ներում շնորհել իրեն:
Մուբարաքը ներկայումս գտնվում է կալանքի տակ, եւ նրան ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառելու հրաման տալու, պաշտոնական դիրքը չարաշահելու, պետական միջոցները յուրացնելու եւ մի քանի այլ մեղադրանքներ են ներկայացվել: Մուբարաքը պատրաստակամություն է հայտնել պետությանը հանձնել իր տնօրինության տակ գտնվող բոլոր ակտիվները: Դեռ նախօրեին նրա կինը` Սյուզան Սադաթը, հօգուտ պետության հրաժարվել է իր բանկային հաշվում պահվող 3.5 միլիոն դոլարից ու Կահիրեի արվարձանում գտնվող շքեղ առանձնատնից, ինչի դիմաց երեկ առավոտյան ազատ է արձակվել:
No comments:
Post a Comment