Գիտելիքի օրվա՝ սեպտեմբերի 1-ի կապակցությամբ Հայ Ազգային Կոնգրեսը շնորհավորում է Հայաստանի բոլոր ուսանողներին։
Նոր ուսումնական տարին սկսվում է վերջին մեկ տարվա համաժողովրդական ժողովրդավարական պայքարի շնորհիվ մեր երկրում որակապես նոր՝ քաղաքացիական հասարակության ձեւավորման պայմաններում, ինչին իր մեծ նպաստն է բերել ուսանողությունը։ Բարձրագույն կրթական հաստատություններում ազատամտության ցանկացած դրսևորում արմատախիլ անելու, վախի ու անտարբերության մթնոլորտ ձևավորելու, «գրպանային» ուսանողական կազմակերպությունների ստեղծմամբ ուսանողական շարժումը կասեցնելու կամ վերահսկելու բոլոր ջանքերը, որ վարչախմբի պատվերը կատարելով գործադրեցին բուհերի ռեկտորները, անցան ապարդյուն։ Համաժողովրդական շարժումն իր հիմնական նվաճումներից մեկն է համարում այդ պայքարում ուսանող երիտասարդության քաղաքացիական հսկայական ներուժի բացահայտումը, նրա ակտիվ մասնակցությունը հասարակության ժողովրդավարացման և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացմանը։
Այսօր Հայաստանում բարձրագույն կրթական հաստատությունների հասարակական վարկը և հեղինակությունը վերականգնման խիստ կարիքն ունեն։ Ուսանողությունը նշանակալի դերակատարություն կարող է ունենալ բուհերում տիրող իրավիճակի (կրթության որակի անկում, կոռուպցիա, ուսանողների իրավունքների անտեսում, բուհի իրական ինքնավարության բացակայություն եւ այլն) առողջացման, ակադեմիական ազատությունների վերականգնման, բուհերում ընթացող դեկորատիվ բնույթի մակերեսային վերաձևումները իրական բարեփոխումների վերածելու գործում։ Գիտելիքի հասարակություն ձևավորելու խնդիրը պահանջում է երկրի մարդկային և ինտելեկտուալ ներուժի որակական աճ՝ դրանով իսկ առաջ մղելով կրթության ոլորտը հասարակական զարգացման առաջնային գիծ։ Դա իր հերթին հնարավոր է միմիայն սահմանադրական կարգի վերակնգնման, օրինական իշխանության, օրենքի գերակայության պայմաններում, համընդհանուր մի խնդիր, որ լուծումն այսօր մեծապես կախված է նաեւ առաջիկայում ուսանողների ակտիվ քաղաքացիական դիրքորոշումից, ինչին մենք չենք կասկածում։
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ
01.09.08
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ՝ ՆԱԻՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ՀԵՏՆՈՐԴ
3 years ago
No comments:
Post a Comment