Wednesday, October 26, 2011

Another well said...

Long but a must read from hetq.com:

Թուղթ առ Քրմաց, կամ առա'ջ Հայաստան դեպի կղերաֆեոդալական կարգեր


12:20, 25 հոկտեմբերի, 2011
Փառիսոս Գարդման

Հայտնի միտք է թե Պատմության դասերը չսերտած ազգերին Ժամանակը շարունակաբար է ցավալի դասեր տալիս: Իսկ ազգերը, որոնք Պատմության նվիրած հնարավորությունը չեն ընկալում լրջությամբ և իրենց իսկ զարգացումն են մերժում անցյալի ջրհորի մեջ ինքնասիրահարված երիտասարդի նման հառելով, վատնում են ապագան կերտելու անգին ժամանակը և ստրկացվում այդ իսկ Պատմության կողմից: Այո՛, երկրները, որոնք իրենց ապագան են կառուցում անցյալապաշտության մոլուցքով տոգորված, կորցնում են իրականությունը զգալու ընդունակությունը և հայտնվում վերիրական (սյուրռեալիստական) մի տիրույթում՝ դուրս ժամանակային և տարածական չափումներից: Արդյո՞ք Հայաստանը ևս այդ երկրների շարքում է:

Պատասխանը միանշանակ է դառնում, երբ լրատվական պատուհաններից հառած Հայոց աշխարհի իրադարձություններին ենք հետևում սփյուռքում ապրող հայերս: Եվ երբեմն սյուրռեալիստական պատկերն այնքան վառ ու որդան գունա«գեղություն» է ստանում, որ թվում է թե Հայաստանը ոչ թե մի փոքր երկիր է Երկրի վրա, այլ հարևան համաստեղությունում գտնվող ու իր քրեա-օլիգարխիկ ուղեծրով պտտվող մի մոլորակ:

Վերջին տարիների ահագնացող արտագաղթի, զավեշտական պատահարների, մարտիմեկյան սպանությունների, բանակային «ինքնա» սպանությունների և հանրապետական ջերմոցում բարգավաճած «բեզպրիդելության» կերտած սյուրռեալիստական կտավի առաջին պլանում պայծառանում եկեղեցի-պետություն զույգի պատկերը: Եվ որքան էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհը տեսական և գործնական ծիրի մեջ ապացուցված համարի, որ ապօրինի է այդ զույգի ամուսնությունը, Հայաստանը օրհնում է այն: Եվ ի՞նչ է սա, եթե ոչ կղերա-ֆեոդալական կարգերի (վերա)հաստատման փորձ: Ավելորդ է անգամ ասել, թե որքան կործանարար է հայ հասարակության համար այս միջնադարության վերադարձը:

Հայաստանյան սյուրռեալիստական կտավի առաջի պլանում տեսնում ենք ահա «Ամենահայոց հովվին», որ Գառների իր հոտը թողած, Գայլերի հետ կերուխումի մեջ է, ու վայելում է Աշխարհը միջնադարյան ախորժակով, մինչդեռ այլ «բարի հովիվներ» վաղուց արդեն սկսել են խնամել Հայոց Գառներին: Եկեղեցի-պետություն այդ զույգի պատկերին նայելիս սարսռում է նաև հայ քրիստոնյան՝ տեսնելով Քրիստոսի Հարս Եկեղեցուն այս աշխարհի իշխանությանը թևանցուկ:

Այո՛, անժխտելի է Հայաստանեայց Եկեղեցու անգին ներդրումը Հայոց մշակույթի գանձանակի մեջ, բայց նույնքան էլ անժխտելի է, որ Եկեղեցին Քրիստոսահաստատ և Սուրբհոգեշունչ իր առաքելության մեջ գնալով ավելի ու ավելի է կորցնում կապն իր ժողովրդի հետ և կտրվում իրեն իսկ սնող արմատներից: Բայց չէ՞ որ Հայ Եկեղեցին հավատացյալ ժողովուրդն է, և ինքն էլ տալիս է եկեղեցականներին իշխանություն իր իսկ հոգևոր կարիքները հոգալու համար: Տերն օրհնեց հովվին տրված այդ իշխանությունը հանուն հավատացյալ ժողովրդի, իսկ Հիսուս այս Աշխարհիս անապատի մեջ իր Ձայնը բարձրացրեց ժողովրդի Հոգին Էութենական արժեքներով լցնելու առաքելությամբ:

Ուրեմն ի՞նչ է, և ավելի ճիշտ ո՞վ Եկեղեցին: Եկեղեցին մե՛նք ենք, ազգի հոգևոր արժեքները ներքնայնացրած ժողովուրդն է, իր տառապած առօրյայից հոգնած և հույսը միայն Երկնային Լուսատուից կախած Հայ Մարդն է: Եվ նրանն է իրեն արժանի Հովիվ ընտրելու իրավունքը, և իր այդ իրավունքի ուժով էլ Եկեղեցու գավթից ներս կատարված որոշումներն էլ պետք է լինեն հավաքական իբրև նշան Սուրբ Հոգու ներկայության:

Այո՛, ամեն մի որոշում, լինի ծխական կյանքին վերաբերվող, հայրապետական նստավայր կառուցելու, թե հոգևորականներին կարգալույծ անելու հրաման, պետք է հիմնված լինի ոչ թե անձնական կամայականության ու փառասեր փափկակենցաղության, ներքին կամ արտաքին հաստափոր «բարեգործ» այրերի դոլարաշունչ կամքի, այլ ժողովուրդի հավաքական ու ժողովական (սինոդալ) մտածողության վրա: Քրիստոնեությունը հոգևոր ժողովրդավարություն է, որ շնորհիվ Հիսուսի, մարդուն և ժողովրդին ազատագրեց կրոնի բռնապետությունից: Ուստի և, հայ բարձրաստիճան եկեղեցականը պարտավոր է խարսխի իր մտածողությունը քրիստոնեական այդ կարևորագույն սկզբունքի վրա, այլապես կդառնա երկրի օլիգարխիկ մաֆիայի պալատական քուրմ, նրա մագնիսականությամբ շարժվող մի մոլորված քարաբեկոր: Հայ կղեր, ու՞ր է Հոգևոր գեղեցկության հանդեպ քո սերը: Ե՞րբ և որտե՞ղ կորցրեցիք Հայոց Եկեղեցուն հարիր նարեկյան ֆիլոկալիկ հոգևորությունը:

Եկեղեցին Հայաստանեայց իր հաստատության մեջ դարձել է ստալինաոճ մենիշխանության և պուտինիստ միակարծության մարմնավորում, ապաժողովրդական կառավարության կրոնի նախարարություն: Կարծես, Հայաստանեայց Եկեղեցու բարձրաչինովնիկ վերնախավը «հոգնել» է աստվածպաշտությունից և, սիրահետելով պետական այրերին, ժողովրդին է վաճառում իրենց համատեղ բիզնեսի արտադրանքը` անցյալապաշտություն: Պարոնացած հոգևորականնե՛ր, ճեմարանական Ձեր կրթության տարիներին չհասկացա՞ք արդյոք, որ Եկեղեցին իր էությամբ ընդդիմությունն է տիրող իշխանության, այս աշխարհում յուր մաքիավելյան բարոյական սկզբունքներով շարժվող պետական իշխանության:

Ձեր «պաշտած» Տիրոջն էլ չհասկացա՞ք, որ չեկավ իր բարոյականությունը պետական կրոն դարձնելու մոլուցքով ներշնչվաց, այլ կայսերական անբարոյականությունը իր բարոյական սկզբունքներով հակադրվելու առաքելությամբ: Չեկավ հրեական ժողովարանների կողքին աշխարհիս խաժամուժին ուտուշ-խմուշաստաներ կառուցելու իրավունք շնորհելու, այլ աշխարհիկ ուտուշ-խմուշը իր Ժողովրդի հետ Հոգևոր Հաղորդության խորհրդապաշտական ընթրիքով փոխարինելու, իշխանությունից կրած Ժողովրդի ցավերը դարմանելու: Դա էլ չհասկացա՞ք: Ապա ո՞րն է լինելու Ձեր առաքելությունը այս գերինֆորմացված դարում: Հայ մարդուն անցյալի ժանգոտաց ու մրուրահոտ գաղափարներով կերակրե՞լը, թե՞ նրան իշխանության ստրուկ դարձնելը:

Իսկ, հայաստանյան սյուրռեալիստական կտավի անկյուներին ուշադրությամբ նայելիս, տեսնում ես այնտեղ ծվարած թշվառ ու հալածված մի Ժողովուրդ, որ քաղցած է Հույսի, Հավատի և Սիրո, տեսնում ես բանակում հոշոտվաց հայ զինվորների հարազատների, որոնք Երկինք են պարզել իրենց կորուսյալ զավակների պատկերները: Իշխանությու՛ն, դու որ անտարբեր չես Քո թշնամիների հանդեպ և նրանց մեղադրում ես Հային անվերջ ատելու համար, բայց քո հանցագործ անտարբերությամբ ինքդ ես հոշոտում Հայի պաշտպանին:

Վա¨յ Ձեզ հայոց որդեկորույս մայրեր, ի՞նչ սրտով եք նայել զինվորա-կղերական շոու-շքահանդեսին, այդ նույն բանակի, որ կործանեց Ձեր զավակներին «չմոյա-գողականության» իր թունավոր մթնոլորտում, և նույն եկեղեցու, որ կույր է ձևանում՝ հոգով ճարպակալած գեներալիտետի ու վայրագ սպայակույտի ոճիրները չտեսնելու համար։ Դալիական սուրռեալիստական երևակայությունն անգամ անզոր կլիներ պատկերել կոմունիզմ կառուցողի խրոխտ դոփյուններով քայլող հայ կղերին, որ Քրիստոսի լուծը խորհրդանշող իր իսկ փորուրարն աքացի տալով և հայացքը զույգ «կայսրիկներին» հառած, անցավ հանրապետության հրապարակով: Եկեղեցին Ժողովրդի խղճի Ձայնը պետք է լինի, այլ ոչ թե ստրկատիրոջ խամաճիկը: Հարևան աստվածպետական երկրում անգամ, մոլլաները, սեփական արժանապատվության գիտակցումից ելնելով, նման ստրկամտություն չեն ցուցաբերում ... Ամոթ՛:

Հայ կղերը բանակու՞մ, թե՞ բանակային տրամաբանությամբ շարժվող հայ կղեր, որ «մի սպանի՛ր» պատվիրանի և եղբայրական սիրո քարոզի փոխարեն հայ բանակ մտավ այնտեղ տիրող «կաստայացումը» իր լրմանը հասցնելու և իրավազուրկ հայ զինվորին ու երկրի քաղաքացուն իր իսկ դավանած ստրկամտությունը սովորեցնելու նպատակով: Այո՛, կղերական-բրահմանը բանակում սկսեց զինվորին իր սոցիալական կշռի և «դուխի» համաձայն զորամասում իր տեղն ու դիրքը ցույց տալու վեդայական առաքելությունը: Ունևոր «վայշնավյան խավին» բաժակաճառակից «կղերա-բրահմանը» սկսեց խեղճ «շուդրա-անդիպչելիներին» նախատել աղքատ ու հալածված լինելու, հաստաբազուկ «քշատրի-վարդանմամիկոնյան» ազգային կուռքի պատկերին չհամապատասխանելու համար: Այո8, հայոց բանակում կղերի ներկայությամբ և նրա իսկ ձեռքով էլ օրհնվեց անարդարության և անպատժելիության այս մթնոլորտը, որին զոհ է դառնում ազգի զինվորը, որից հոգնած իր երկիրն է լքում արժանավոր հայը:

Վերադարձ դեպի կղերա-ֆեոդալական կարգե՞ր, թե՞ Հայաստանն իբրև Ծուռ հայելիների աշխարհ, ուր պարկեշտ անձի փոխարեն հարգանքի պատվո պատվանդանին է կանգնած արհեստավարժ ավազակը, ուր անառակն է կոչումով բարոյագետ, օրինապահն ամենամեծ օրինախախտ, հոգևորը նյութապաշտեցված, ոստիկանը գողական, գողը ոստիկանացվաց … բոլորն էլ նույն նյութից են, տարբեր՝ միայն համազգեստով:

Եվ այդ առումով որքա¨ն գովելի է լսել համատարած այս «քուչիզմի» դեմ բարձրացող բողոքի ձայնը, ձայնը երիտասարդ խիզախ հայորդիների, որոնք ուխտել են, որ «Չեն լռելու», այլ բարձրաձայնելու են հասարակության սյուրռեալիստական երևույթների դեմ, Նորին Մերսեդեսության քմահաճ կամքի կամ Ձերդ Բենթլիության շքեղապատճուճ կենսակերպի: Այո՛, հանուն Ազատամտության և Արդարասիրության թող երբեք չլռի՛ Գառների ձայնը՝ ընդեմ Գայլերին ընկերակից ու մսագործ դարձած հովիվների:

Ազատասեր նոր սերնդով զորացած Ժողովուրդը կղերական «քադաֆիների» չի հանդուժի և ամենաբարձր գահից էլ խայտառակ վախճանով վայր կիջեցնի։

No comments: